Վրաստանի հեռուստաշանտաժի դարաշրջանը

495

2016թ-ի աշնանը Վրաստանում կկայանան խորհրդարանական հերթական ընտրությունները: Բնականաբար քաղաքական ուժերը տեղեկացված են նախընտրական գործընթացներում զանգվածային լրատվամիջոցների կարևոր դերի մասին: Ժամանակին Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը իշխանության համար պայքարը սկսեց հենց հեռուստատեսային քարոզչությունից: Իշխանության գլուխ գալով` «Ազգայնականները» սկսեցին վերահսկել Վրաստանի լրատվամիջոցային ողջ տարածքը: Այն հեռուստաընկերությունները, ամսագրերը և թերթերը, որոնք չէին հետևում ցենզուրայի կանոններին, վայրկյանապես դադարում էին գոյություն ունենալ: Բարձր հեղինակություն և վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունները անցան իշխանության ձեռքի տակ:

2012թ-ին «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո հասարակության մեծ մասը բողոքներ չունի երկրում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ: Վրաստանի կառավարության անդամները բազմիցս հայտարարություններ են հրապարակել ԶԼՄ-ների ազատության մասին և չեն խառնվել դրանց ներքին գործերին: Այսօրվա դրությամբ մեկ այլ խնդիր կա` պարզվում է, որ գոյություն ունի չորրորդ քաղաքական կուսակցությունը, որը խաբում է մյուս երեքին` նրանց հետ միասին նաև թյուրիմացության մեջ գցում հասարակությանը: Թե որքանով է  խնդրի այս ձևակերպումը համապատասխանում իրականությանը` պարզ չէ, սակայն, հենց այդպես է գտնում «Մաեստրո» հեռուստաըկերության բաժնետերերից մեկը` Գիյա Գաչեչիլաձեն (վրացի երգիչ, հայտնի է Ուցնոբի կեղծանվամբ):

23343601-9BEF-4148-AB66-E5BC7E519AD6_cx0_cy3_cw0_mw1024_s_n_r1

Վերջին օրերին «Մաեստրո» հեռուստաընկերության շուրջ աղմուկը չի դադարում: Ոմանք գտնում են, որ (ոչ առանց քաղաքական միջամտության) տեղի է ունենում հեռուստատեսային տարածքի նախընտրական բաշխում: Այս տարբերակի օգտին որպես արգումենտ է բերվում այն փաստը, որ երգիչ Ուցնոբին այցելել է պետկանցելյարիա և իր հրապարակային ելույթներից մեկում հիշատակել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի անունը, ում անվանել է «ընկեր»: Իրենց հերթին կառավարության անդամները միաձայն հայտարարեցին, որ հեռու են հեռուստաընկերության ներքին գործերից:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին «Մաեստրոյի» լրագրողներին խորհուրդ է տվել` «Պետք է ուրախանալ, որ այսօրվա դրությամբ դուք այսպիսի կառավարություն ունեք, որը չի խառնվում ձեր աշխատանքին, և ձեր խնդիրները լուծեք ինքնուրույն: Հետևաբար, այն օրը, երբ ես որևէ մեկնաբանություն կտամ «Մաեստրո» հեռուստաընկերության բաժնետերերի հետ ստեղծված իրավիճակի մասին, կարող եք համարել Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի վերադարձ»,- հայտնեց Խիդաշելին և մեկնաբանեց Կվիրիկաշվիլիի հանդիպումը Գաչեչիլաձեի հետ հետևյալ բառերով` «Նրանց հանդիպման ժամանակ հեռուստաընկերությունում կատարվող իրադաձությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէր, հետևաբար, այդ իրադարձությունը կարելի է համարել երկու հին ընկերների հանդիպում»:

Արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին հույս հայտնեց, որ հեռուստաալիքը կգործի և կաշխատի նախկին ռեժիմով, ինչի շնորհիվ Վրաստանում ավելի շատ կլինեն լրատվամիջոցներ, որոնք կներկայացնեն հասարակությանը անկախ տեղեկատվություն:

Գիյա Գաչեչիլաձեն իրավիճակն այլ կերպ գնահատեց, հայտնելով, որ «Ռուստավի-2 հեռուստաընկերությունը հիմնել է լրագրողական շանտաժի ձևը, որը հետագայում վերցրել են նաև այլ լրատվամիջոցներ»:

Գիյա Գաչեչիլաձե

«Հեռուստաշանտաժի դարաշրջանին պետք է վերջ տալ: Պետք է ջրի երես հանել բոլոր շանտաժիստներին, ովքեր մասնակցում են այդ գործընթացին դեռևս Սահակաշվիլիի ժամանկներից: Անգամ չգիտեմ, թե ինչ բառերով արտահայտեմ զգացմունքներս` ինձ վիրավորում է այն փաստը, որ Գվարամիան («Ռուստավի-2»-ի գլխավոր տնօրեն) և Գադաբաձեն («Մաեստրո» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն) վախեցնում են ժողովրդին, շանտաժի են ենթարկում կառավարությանը և կարևորն այն է, որ դա նրանց մոտ ստացվում է: Այդ պատճառով ես կշարունակեմ «Մաեստրո» հեռուստաալիքի համար իմ պայքարը»,- հայտնեց Գիյա Գաչեչիլաձեն «GDS» ալիքին տված հարցազրույցում:

Լևան Գաչեչալաձե

Մաեստրոյի» շուրջ սկանդալի առիթ դարձավ լուրն այն մասին, որ վրացի երգիչ, տվյալ հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը` Գիյա Գաչեչիլաձեն դարձել է  55% բաժնետոմսերի սեփականատերը` այն ժամանակ, երբ ընկերությունը սնանկացման շեմին էր: Գլխավոր տնօրենի պաշտոնին Գիյան նշանակեց իր եղբորը` Լևան Գաչեչալաձեին, ով նախկինում հայտնի էր, որպես Վրաստանի նախագահի թեկնածու: Եղբայրներն օրինականացրեցին գործարքը Արդարադատության նախարարության հասարակական ռեեստրի ազգային գործակալությունում, քանի որ ռեեստրում գրանցվելուց հետո Լևան Գաչեչիլաձեն կստանձներ գլխավոր տնօրենի պաշտոնը:

Բայա Գադաբաձե

Միևնույն ժամանակ ձեռքերրը ծալած չէր նստում նաև «Մաեստրոյի» գլխավոր տնօրեն Բայա Գադաբաձեն: Սկզբում նա ուժեղացրեց հեռուստաընկերության պահակակետային հսկողությունը, իսկ հետո դիմեց դատարան` պահանջելով ընդհատել արձանագրությունը, ըստ որի պետք է հրավիրվեր գործընկերների արտահերթ նիստ` Գադաբաձեին պաշտոնաթող անելու և Գաչեչիլաձեին գլխավոր տնօրենի պաշտոնին նշանակելու համար: Ռեեստրը որոշում ընդունեց ընդհատել Լևան Գաչեչիլաձեի` հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում գրանցման գործընթացը: Այս փուլում Գադաբաձեի հաղթանակն ակնհայտ էր, սակայն, այսքանով գործը չվերջացավ, քանի որ գործում նոր փաստեր առաջ եկան:

Գիյա Գաչեչիլաձեն հասարակային ռեեստրի որոշումը գնահատեց, որպես անօրինական քայլ, ինչը խանգարում է բիզնեսի և ԶԼՄ-ների զարգացմանը: Նրա խոսքերով` քաղաքացիական ռեեստրը պետական մարմին է, որը չպետք է ենթարկվի շանտաժի և մանիպուլյացիաների փորձերի:

«Մենք գործ ունենք հասարակական կարծիքի կառավարման փորձի հետ` «Մաեստրո» և «Ռուստավի-2» հեռուստաալիքների միջոցով: Տվյալ մանիպուլյացիայի առաջին զոհը դարձավ պետական կառույցը` քաղաքացիական ռեեստրը: Այսօրվա դրությամբ ոչ մի քաղաքակիրթ երկրում հեռուստաալիքի տնօրենը չի փորձում սեփականատիրոջ վրայով անցնել: Բացի դա, այդ պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում չեն վճարվում հարկերը, նպատակադրված սնանկացման է տանում ընկերության բաժնետերերին` ազատվելով նրանցից»,- հայտնում է Գիյա Գաչեչիլաձեն` չթաքցնելով, որ բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերելու համար նա մեծ գումար է վերցրել Իրակլի Ռուխաձեից` հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի կարողության կառավարչից: Հիշեցնենք, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը պատկանում է Պատարկացիշվիլիի ընտանիքին:

Մակա Ասատիանի

«Մաեստրո»-ի շուրջ ծավալվող պատմության հերոսները գնալով ավելանում են: Մամուլում տարբեր հոդվածներ հայտնվեցին հետևյալ իրադարձությունների մասին: Նախ Շվեյցարիայից  հայրենիք է վերադարձել 25% բաժնետոմսերի սեփականատեր, դիզայներ Մակա Ասատիանին, ով հեռուստաընկերության լրագրողներին առաջարկել է տեղափոխվել «Մաեստրո-24»: Այնուհետև Ամերիկայից ժամանեց Իրակլի Ռուխաձեն: Ըստ վարկածներից մեկի` ռուխաձեն պլանավորում է Վրաստանում քաղաքական գործունեություն ծավալել, ինչը բացատրում է նրա` սեփական մեդիատարածք ունենալու ցանկությունը:

«Մաեստրո» հեռուստաընկերության շուրջ ծավալվող գործընթացները ավելի են խորացնում «Ռուստավի-24-ի «խորտակման» կասկածները, որը պշտպանում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը: «Նյուփոտ» թերթը, անդրադառնալով այս թեմային, իր ընթերցողներին ծանոթացրել է այն տեղեկատվությանը, ըստ որի «Իմեդի» հեռուստաընկեորւթյունը 4 մլն. դոլարով գնել է «Մաեստրոյի» գովազդային ժամանակի 100%-ը` մեկ տարով: Սկսել են անգամ խոսել «Մաեստրոյի» նախընտրական «իմեդիզացիայի» գործընթացի մասին: Շատերը համամիտ են, որ «Մաեստրոյի» մենեջմենթի հիմնական խնդիրը վարկանիշային ցուցանիշներով «Ռուստավի-2»-ից առաջ անցնելն է: «Մեր գլխավոր կարգախոսը պետք է լինի «Ռուստավի-2»-ից մարդկանց դեպի մեզ գրավելը: Մենք պետք է վարկանշով անցնեք «Ռուստավի-2»-ին»,- լավատեսորեն հայտարարում է Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլիձեն:

Թե ինչ ավարտ կունենա այս վեճը, դեռևս անհայտ է: Միայն մի բան է պարզ, որ ԶԼՄ-ն անսանձ նժույգի նման է, որին հաղթականորեն հեծնում է միայն թամբին հմտորեն նստող, փորձառու ձիավարը: Բայց «Մաեստրոյի» դեպքում գործերն ավելի բարդ են: Մինչև վերջերս հեռուստաընկերությունը 6 սեփականատեր ուներ, բայց այդ ինչպե՞ս հաջողվեց Գիյա Գաչեչիլաձեին դառնալ բաժնետոմսերի հիմնական փաթեթի սեփականատեր: Այդ հարցը ամենից շատ մտահոգում է Բայա Գադաբաձեին` հիմա արդեն «Մաեստրո»-ի  նախկին գլխավոր տնօրեն:

Գադաբաձեն հրապարակել է Իրակլի Ռուխաձեի` Մակա Ասատիանիի և Կոտե Գոգելիայի հետ ունեցած նամակագրությունը: Դեռևս անցած տարվա մայիսին Ռուխաձեն առաջարկում էր նրանց վաճառել «Մաեստրոյի» իրավունքները 7,5 մլն. դոլարով:

Վերջին իրադարձությունների կապակցությամբ ստեղծվեց «Մաեստրոյի» գործընկերների խորհուրդ: Որոշ հարցերում այդպես էլ չհաջողվեց կոմպրոմիսի հասնել, այդ պատճառով Գիյա Գաչեչիլաձեն, հանդիիսանալով հեռուստաընկերության բաժնետոմսերի 55%-ի սեփականատերը, ընդունեց անկախ որոշում` հանել գլխավոր տնօրենի աշտոնից Բայա Գադաբաձեին և նրա փոխարեն նշանակել Լևան Գաչեչիլաձեին: Այդ տեղեկատվությունը լրագրողներին է տրամադրել Գեորգի Գվենետաձեն` «Մաեստրոյի» 25% բաժնետոմսերի սեփականատեր Մակա Ասատիանիի փաստաբանը` միևնույն ժամանակ Լևան Գաչեչիլաձեի նշանակումն անվանելով ոչ լեգիտիմ:

«Մաեստորյի» հետ կապված իրադաձությունները գրավել են Վարստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլի ուշադրությունը: Ըստ դիվանագետի խոսքերի` ներկայիս տարին, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, կարևոր է Վրաստանի համար, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է հնարավորություն ունենա իր խոսքը հասցնել բնակչությանը:

«Այս տարին Վրաստանի համար կարևոր է, քանի որ աշնանը երկրում կկայանան ընտրություններ: ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում է գործընթացներին, որոնք հատկապես կարևոր նշանակություն ունեն նախընտրական շրջանում: Տվյալ էտապում մենք հետևում են իրավիճակին»,- ասաց նա:

Գեորգի Քարտվելի` հատուկ Dalma News-ի համար