«Արևմուտքը մեզ կօգնի» կամ՝ հայկական քաղաքականության Օստապ Բենդերները:

1208

Մի քանի օր առաջ հայ հայտնի ընդդիմադիր գործիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց իր՝ «Հայաստանի եվրոպական ընտրություն» հասարա-քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին:

«Մենք համոզված ենք, որ մեր հայրենիքի անցյալը, ներկան ու ապագան խիստ կապված է եվրոպական քաղաքակրթության հետ»,- ասվում է նրա տեսահոլովակում:

Նման նախաձեռնությունը շուտով կհայտնվի այնպիսի քաղաքական ու հասարակական կազմակերպությունների շարքերում, ովքեր պայքարում են Հայաստանի եվրոինտեգրման երևույթի համար: Ընդ որում՝ Խզմալյանն ինքը գտնում է, որ նման կազմակերպությունները Հայաստանում շատ քիչ են՝ ընդամենը մեկ կամ երկու հատ, իսկ մնացած կառույցները, իշխանությունների հետ մեկտեղ, գործում են ռուսական հատուկ ծառայությունների շահերից:

Սակայն հետաքրքիրը ոչ դա է, ոչ էլ նույնիսկ Խզմալյանի կանխատեսումներն այն մասին, որ այս դարի մեջ այս էլ երրորդ անգամ Ռուսաստանին սպասվում է տապալում, ճիշտ այնպես, ինչպես օրինակ՝ ժամանակին ԽՍՀՄ-ի, հետևաբար նաև Ռուսաստանի տապալումն էր, այլ Խզմալյանի ու նրա կողմնակիցների տեսությունները՝ կապված Հայաստանի ապագայի ու վերջինիս առաջ ծառացած խնդիրների հետ:

«Մենք համոզված ենք, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում մեր  գոյությունը, զարգացումը, անվտանգության ու մշակույթի, մարդու և ազգի իրավունքների պահպանումը Հայաստանում, ինչպես նաև տնտեսական ու քաղաքական ազատությունը հնարավոր է միայն Եվրոպական միությանն ու ՀյուսիսԱտլանտյան դաշինքին մեր հայրենիքի անդամակցության պայմաններում»,- ասում է Խզմալյանը:

Իսկ թե որքանով կարողացավ եվրոինտեգրումը օգնել տնտեսական զարգացմանն ու ապահովել ազգային անվտանգությունը, այդ մասին հստակ վկայում է նախկին ԽՍՀՄ երկրներից մեկի՝ Ուկրաինայի օրինակը, որի գործունեության ակտիվ պաշտպաններն են հանդիսանում նաև Խզմալյանն ու իր ընկերները՝ դիտարկելով դա Հայաստանում հակառուսական պայքարի ևս մի ճակատ:

Ուկրաինային Մայդանի հաղթանակի առաջին օրերին «ոսկեր սարեր» էին խոստանում Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն, բայց իրականում այդ շռայլ խոստումներից և ոչ մեկը մինչև օրս չի իրականացվել: Եվ երկրի տնտեսության մեջ կատարվող բազմամիլիարդանոց ներդրումների փոխարեն (որոնք որ ուկրանական իշխանությունների կարծիքով պետք է փոխհատուցեին ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների խզման արդյունքում ի հայտ եկած կորուստները), Կիևն այսօր ստանում է նվազագույն օգնություն՝ երկիրը վերջնական տապալումից փրկելու համար:

Եվ ահա՝ ուկրանական արտահանողները, որոնց առաջ իբր պիտի իր դռները լայն բաց աներ եվրոպական շուկան, գիտակցեցին վերջապես, որ իրենք բախվել են անհաղթահարելի պատնեշների, և որ սատանան այնպիսի մանրուքների մեջ է ապրում,  ինչպիսիք են՝ փոքր քվոտաները, եվրոպական չափանիշներին ուկրանական ապրանքի անհամապատասխանելիությունը և այլն: Էլ չենք խոսում կաշառակերության հետ կապված խնդիրների մասին (խնդիր, որն ունեն նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրները), որը Մայդանում կայացած ընդդիմադիր ցույցի գլխավոր պահանջն էր: Չնայած կաշառակերության ու օլիգարխիայի դեմ պայքարում եվրոինտեգրման ջատագովներին ավելի հետաքրքիր է Մոլդովայի փորձը, որտեղ եվրոպամետ քաղաքական գործիչները երկրի բանկերից գողացան մոտավորապես  մեկ միլիարդ դոլլար (այն կազմում է երկրի ողջ ՀՆԱ-ի մոտ 15 %-ը), իսկ միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ռուսամետ ուժերի միջամտությունը կանխելու համար ստիպված համաձայնեցին երկրի խոշորագույն օլիգարխի՝ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից իշխանությունը բռնությամբ զավթելու գաղափարի հետ:

Բայց, չնայած այս ամենին, պարոն Խզմալյանը գտնում է, որ Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը գտնվում է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին անդամակցելու մեջ: «12 աթոռ» անմահ գործում «Սրի ու մանգաղի միության» անդամներին նույն բանն էր փորձում համոզել նաև Օստապ Բենդերը՝ հավաստիացնելով, թե «արևմուտքը մեզ կօգնի»:

Խզմալյանի ու նրա կողմնակիցների դիրքորոշումների մեջ ամենատխուրը հակառուսական քաղաքականությունը չէ, որի միջոցով նրանք փորձում են վերացնել Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը: Քաղաքական իրականությունը զգալու նրա հասկացողության մասին ավելի  շատ բան է ասում ադրբեջանական Haqqin.az կայքին տված նրա աղմկոտ հարցազրույցը: Բավական զվարճալի է ստացվում, երբ հայ ընդդիմադիրը, ով ապրում է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում խոսքի ազատության տեսանկյունից ամենալիբերալ  երկրներից մեկում, մարդու իրավունքների անպաշտպանության մասին իր բողոքն է հայտնում հակահայկական կայքին՝ ով  պաշտպանում է կաշառակերության մեջ «թաղված» ժառանգական բռնատիրության շահերն այն երկրում, որտեղ ընդվզող բոլոր քաղաքական գործիչներին ու լրագրողներին կամ փակում են բանտերում կամ վտարում են երկրից:

Նոր քաղաքական ուժի ստեղծման հայտարարության մեջ ամենատխուրը կազմակերպության առաջնորդի անվստահությունն է՝ սեփական ազգի նկատմամբ, ինչի վառ  օրինակ են ծառայում Խզմալյանի խոսքերը՝ Հայաստանի առաջին հանրապետության  հետ կապված. «Գրեթե 100 տարի առաջ Եվրոպական գերտերությունների ու ԱՄՆ-ի Ազգերի լիգայի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի առաջին անկախ պետությունը»:  Այսինքն՝ Խզմալյանի տրամաբանությանը համապատասխան՝ Հայաստանի անկախ հանրապետության ստեղծման հիմքում ոչ թե Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի պայքարի հերոսականությունն է, այլ արևմտյան երկրների «բարի քեռիների» կամքը:

Այս ամենը հերթական անգամ ցավոք, ի ցույց է դնում երկրի ներսի հարցերը արտաքին ուժերի միջամտությամբ կարգավորելու Հայաստանի դարավոր խնդիրը: Իսկ այդ արտաքին ուժերն ահա, իրենց քաղաքականությունն իրականացնելիս, մշտապես հետևել են սեփական շահերին, այլ ոչ թե հայկականին: Ժամանակին նման անփույթ վերաբերմունք էին ցուցաբերում հայ իշխաններն ու թագավորները, իսկ այժմ էլ՝ քաղաքական գործիչները: Ցավոք՝ հայ քաղաքական գործիչները չեն կարողանում սեփական պատմությունից դասեր քաղել: Իսկ այդ դասերը միայն սովորեցնում են այն, որ արտաքին ուժերի վրա հույս դնելը համարյա միշտ ենթադրում է երկրի պետականության կորուստ, և որ հայ քաղաքական գործիչները անհամեմատ ավելի մեծ արդյունքների են հասել միայն այն ժամանակ, երբ իրենց հույսն ու հավատը սեփական ուժերի հետ են կապել:

Իսկ ահա, Հայաստանում հակառուսական քաղաքականության իրականացման պարագայում, Խզմալյանի ու նրա ընկերների հարցում ավելի շատ զարմացնում է նրանց հակասական գործելակերպը: Ընդդիմանալով իբր մի երկրից չափազանց մեծ կախում ունենալու երևույթին, նրանք տվյալ խնդրի լուծման այլ տարբերակ են առաջարկում՝ պնդելով, որ միայն Արևմուտքի միջոցով է հնարավոր արմատախիլ անել այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են կաշառակերությունը, ընտրակեղծիքները և այլն,  չգիտես ինչու՝ անուշադրության մատնելով այն փաստը, որ հայ կաշառակերներն իրենց մեծ գումարները պահում են ոչ թե ռուսաստանյան, որին իբր ծառայում են, այլ արևմտյան երկրների բանկերում:  Անտեսվում է նաև այն հանգամանքը, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ԵՄ անդամ երկրներն ու ԱՄՆ-ն նույնպես ճանաչում են Հայաստանում կայացած ընտրություններն ու համագործակցում են հայկական իշխանությունների հետ: Եվ ոչ մի կերպ չի քննարկվում հարցը՝ թե մի՞թե չի կարելի այլ երկրների հետ նոր հարաբերություններ զարգացնել՝ պահպանելով Ռուսաստանի հետ բարեկամական ջերմ համագործակցությունը: Ինչպես ցույց են տալիս Ղազախստանի ու Բելոռուսիայի օրինակները՝ Ռուսական ՀԱՊԿ-ի ու ԵվրԱսիական միության դաշնակից Հայաստանի պարագայում դա իսկապես հնարավոր է:

Նրանք նաև խուսափում են այն հարցի պատասխանից, թե  պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու դեպքում որտեղից կկարողանա շուկայական գներով  զենք ու գազ գնելու միջոցներ գտնել: Կամ որտե՞ղ պետք է որոնել հայ արտահանողների համար համապատասխան շուկա: Չէ՞ որ ինչպես նշվեց Ուկրաինայի օրինակով՝ Եվրոպական շուկա դուրս գալը բավական բարդ է, որքան էլ որ այն «արժեքավոր» լինի: «Խզմալյանները» գերադասում են մոռանալ այն մասին, որ Արևմուտքն իր տարածքում արդեն ունի դաշնակից՝ Թուրքիան, ով  հանդիսանում է ՆԱՏՕ-ի ու Եվրոպական մաքսային միության անդամ: Եվ ինչպես ցույց է տալիս հարևան երկիր Վրաստանի օրինակը, ով այդպես համառորեն շարժվում էր եվրոինտեգրման ճանապարհով, այն ենթադրում է համագործակցություն՝ Թուրքիայի հետ (այդ թվում նաև ռազմական ոլորտում), ինչպես նաև՝ վերջինիս շահերի բավարարում: Իսկ Հայաստանը Թուրքիայի հետ ոչ միայն պատմականորեն ձևավորված բարդ հարաբերություններ ունի, այլ Անկարան իր «ավագ եղբայր» Բաքվի ռազմաքաղաքական հզոր դաշնակիցն է:

Ռուսաստանին կամ նրա վարած իշխանությունը կարելի է սիրել կամ չսիրել, սակայն նրա շահերի անտեսումն ու Հայաստանի համար կարևորագույն հարցերի կարգավորման մեջ նրա մասնակցության կասեցումը ոչ այլ ինչ է, քան անհեթեթ գաղափար: Եվ հայամետ ցանկացած քաղաքական գործիչ ստիպված պետք է այսպես թե այնպես համագործակցի Ռուսաստանի հետ:

Ի դեպ՝ նույնը վերաբերվում է նաև ԱՄՆ-ին ու համաշխարհային այլ հզոր ուժերին: Չէ՞ որ հայկական քաղաքական դաշտում համառ հակառուսամետների կողքին կան նաև համառ ռուսամետներ, որոնք իրենց խնդիրների լուծումը միմիայն կապում են Մոսկվայի հետ: Վերջիններս էլ՝ իրենց հերթին Արևմուտքում միայն «չարի բույն» են տեսնում՝ ոչ ավանդական սեռական փոքրամասնությունների օրինակով, որոնք իրենց կյանքի պայմանների մասին բացեիբաց քարոզում են ողջ աշխարհին՝ մոռանալով, որ ներկա պահին Արևմուտքը առաջադեմ տեխնոլոգիաներն են ու միջազգային կառույցների ու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը:

Պատրաստեց՝ Հայկ Խալաթյան