Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն սկսել են էլեկտրաէներգիայի նոր սակագների հիմնավորման շուրջ խորհրդակցությունները: Այդ մասին Համահայկական երիտասարդական «Բազե-2015» հավաքի բացմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք այսօր այդ հարցը քննարկել ենք նաև հանրապետության նախագահի հետ: Օրենքով մենք չենք կարող աուդիտ անցկացնել հանձնաժողովում, սակայն մեզ համար կարևոր է վստահ լինել էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության մեջ:Կարծում եմ, որ 2-3 ամսվա ընթացքում մենք կավարտենք խորհրդակցությունները, ինչից հետո հարցը կրկին կքննարկվի նախագահի հետ: Այդ բոլոր փուլերի ավարտից հետո կառավարության դիրքորոշումը կներկայացվի հասարակությանը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ կառավարությունը ամեն ինչ կանի անապահով ընտանիքների բեռը չավելացնելու համար:

«Մինչև աուդիտի ավարտը սուբսիդավորել խոշոր բիզնեսը, ես կարծում եմ, ճիշտ չի: Կառավարությունը դա պարտավոր չէ անել, սակայն բնակչության էլեկտրաէներգիայի ծախսերը, ինչպես նշել է նախագահը, կառավարությունը կվերցնի իր վրա: Մենք դա կանենք արտաբյուջետային գումարների՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի հաշվին: Խորհրդակցությունների ավարտից հետո մենք հետագա գործողությունների որոշումներ կկայացնենք»,-նշել է վարչապետը:

Ոչ մի վարչապետ կամ նախագահը, ընդգծել է նա, չի ցանկանում բարձրացնել որևէ ապրանքի գինը:

«Մենք հասկանում ենք, որ դա հանգեցնելու է բնակչության դժգոհությանը: Սակայն հարցը կայանում է նրանում, ցանկանում ենք մենք ունենալ 24 թե 2-4 ժամանոց էլեկտրամատակարարում: Եթե ռուսական ընկերության մեջ թալան է տեղի ունեցել, թող աուդիտը դա բացահայտի, իսկ գողերը պատասխանատվության ենթարկվեն: Դա ոչ մի կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ: Մենք երբեք չենք ցանկացել դառնալ մեր ժողովրդի թշնամին»,-նշել է վարչապետը: Եթե թանկացումը անհիմն է, ըստ Հովիկ Աբրահամյանի, սակագները փոփոխության կենթարկվեն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here