Ես ձեզ համար երկու լուր ունեմ՝ մեկը լավ, մյուսը՝ վատ: Կսկսեմ վատից՝ մեր տնտեսությունը հիվանդ է և գտնվում է բավականին վատ վիճակում, իսկ լավը կայանում է նրանում, որ հիվանդությունը անբուժելի չէ, պետք է պարզապես լավ ախտորոշում իրականացնել և անցնել բուժման, ինչպես ասում են՝ ցանկության դեպում հնարավորություն կգտնվի: Տվյալ հոդվածի նպատակն է աջակցել ախտորոշման գործընթացին:

Որպեսզի պարզ դառնա, որ հայկական տնտեսությունը լավագույն վիճակում չէ, կարելի է նայել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որը կազմում է 3766 ԱՄՆ դոլար: Իսկ աղքատության մակարդակը կազմում է 32% կամ 967 հազար մարդ… 967 հազար մարդ ամեն օր քայլում է Երևանի փողոցներով ամենաանհետաքրքիր և ձանձրալի երազանքներով՝ սոված չմնալ, հագնել չկարկատված հագուստ, փոխանակ ավելի վեհ բաների մասին մտածեն՝ ինչպես օրինակ՝ թռչել տիեզերք, դառնալ հաջողակ իրավաբան, ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակ, բայց ոչ՝ նրանք այդ ամենի ժամանակը չունեն, նրանք պիտի հաց հայթայթեն..

Ինչու՞մն է կայանում մեր խնդիրը, ռեսուրսների բացակայության մե՞ջ, եթե ռեսուրս ասելով միայն նավթ ու գազ ենք հասկանում, ապա՝ այո, կաշառակերությա՞ն՝ այն ամենուր կա, շրջափակու՞մն է խնդիրը՝ այո՜,իրավիճակը բարդացնում է, բայց երկու սահման, այնուամենայնիվ, բաց է, խելքի սակավությա՞ն՝ դժվար, այդ դեպքում շախմատի այսքան օլիմպիադաներ չէինք հաղթի, ուրեմն, ի՞նչն է մեզ խանգարում, գուցե լավատեսության և հնարամտության պակա՞սը, թե՞ արտաքին ուժերը մեզ թույլ չեն տալիս ունենալ ուժեղ տնտեսություն և, հետևաբար, ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Ես բազում պատճառներ թվարկեցի և դրանք միասին ձևավորում են մի խնդիր, որը չի թողնում մեր երկրին զարգանալ:

Եվ այսպես, սկսած սույն թվականի հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության լիիրավ և պատվավոր անդամ է: Եվրասիական ինտեգրման հակառակորդները պնդում էին, որ մուտք գործելով այդ կառույց՝ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը. նրանք սխալվում էին, քանի որ մեր սուվերենությունը մենք որոշակիորեն կորցրեցինք այն ժամանակ, երբ օտարերկրացիներին վաճառեցինք ռազմավարական կարևորություն ունեցող գրեթե բոլոր ենթակառուցվածքները, այնպես որ այս քայլով մենք պարզապես սահմանափակում ենք մեր համագործակցության հնարավորությունները արևմուտքի հետ և մեզ կապում ավելի քիչ հեռանկարային շուկայի հետ,բայց պետք է ընդունել այն փաստը, որ շուկան, այնուամենայնիվ, գոյություն ունի և իրավիճակի ճիշտ գնահատման և համապատասխան քայլերի դեպքում, երկրի տնտեսական վիճակը կարելի է բարելավել, քանի որ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար մոտ 170 միլիոնանոց շուկան բավականաչափ հեռանկարային է: Պարզապես պետք չէ ԽՍՀՄ-ի օրինակով դառնալ արտադրական շղթաների մի օղակ, քանի որ, ինչպես արդեն ապացուցված է, բոլոր արհեստականորեն ստեղծված բազմատարր միությունները վաղ թե ուշ քայքայվում են, այնպես որ պետք է կառուցել ինքնաբավ և անկախ տնտեսություն, որ յուրաքանչյուր սցենարի դեպքում կարողանա մնալ ջրի երեսին:

Այս կոնտեքստում հետաքրքիր են Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Սերգեյ Սիդորսկու գնահատականները հայկական տնտեսության զարգացման հնարավորությունների վերաբերյալ, որն անցյալ ամիս աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում: Վերջինիս կարծիքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար Հայաստանի համար ամենից խոստումնալից են հանդիսանում շինանյութերի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը՝մասնավորապես կոշկեղենն ու տրիկոտաժը, և գյուղատնտեսությունը:
Պետք է նշել, որ վերոնշյալ ոլորտներից բացի, վերջերս շատ է խոսվում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, որտեղ գրանցվել են բազում ձեռքբերումներ, ինչպիսիք են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը, երկրում 500 տեղեկատվական ձեռնարկությունների առկայությունը (այդ թվում՝ հանրայտ PicsArt ընկերությունը), որոնք այս պահին ապահովում են ՀՆԱ-ի 3,8 %-ը, սակայն այս ոլորտի համար դա բավարար չէ, և կառավարության հավուր պատշաճի աջակցության դեպքում, Ինֆորմացիոն Ձեռնարկությունների Միության ղեկավար Կարեն Վարդանյանի կարծիքով՝ ՏՏ ոլորտը տարեկան կարող է աճել 40-70%՝ այժմյան 25-30-ի փոխարեն: Սակայն պետք է արժանին մատուցել ՀՀ նախագահին և նշել, որ վերջինիս կողմից սահմանված Global IT Award մրցանակը՝ իր հանրաճանաչ դափնեկրերի հետ միասին, որոնց թվում են Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.) կամ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն(2013թ.), որն, ընդ որում, շուտով գիրք է հրատարակելու «Հայաստանը որպես նորարարական երկիր» անվամբ, դրական խթան է հաղորդում ոլորտի զարգացմանը:

Բայց այս հոդվածում ցանկալի է խոսել այն ոլորտների մասին, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանի կառավարության և ներդրողների կողմից և որոնք ի վիճակի են Հայաստանի տնտեսությունը նոր մակարդակի հասցնել: Այդ ոլորտներից է վերակագնվող էներգետիկան, որից ստացված էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը 2013թ.ին կազմել է 11%: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ունի այլընտրանքային էներգիայի վիթխարի պաշարներ՝ նման ցուցանիշը բավարար չէ:

Նրանցից ամենախոստումնալիցն են հիդրո, քամու, երկրաջերմային և արևային էներգետիկան: Այժմ մեզ մոտ գործում է երեք ՀԷԿ՝ Սևան- Հրազդան կասկադը, Որոտանի և Ձորագետի ՀԷԿ-երը: Երկրի պոտենցիալ հիդրոէներգետիկ ռեսուրսները կազմում են 21,8 մլրդ կՎտժ: Ինչ վերաբերում է քամու էներգետիկային, ապա հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում դրա օգտագործումը շատ հեռանկարային է, և երկիրը քամու էներգիայի մեծ պաշարներ ունի: Դրանց տնտեսապես հիմնավորված ներուժը գնահատվում է 1.26 մլրդ կՎտժ: Այս պահին երկրի միակ քամու էլեկտրակայանը Լոռի-1-ն է, որի տարեկան ամենամեծ ցուցանիշը կազմել է 4,25 մլն կՎտժ:

Հայաստանը նաև ունի երկրաջերմային և արևային էներգիայի մեծ պաշարներ: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը շատ կարևոր է ՀՀ-ի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատճառներով: Մի երկիր, որն այդքան մեծ կախում ունի օտարերկրյա էներգակիրներից, անշուշտ պետք է ամեն գնով զարգացնի սեփական էներգետիկ ներուժը: Ինչպես ցույց են տալիս վերևում բերված թվերը՝ այդ ներուժը մեզ մոտ ամբողջությամբ չի օգտագործվում, բարեբախտաբար, կան բազում ծրագրեր (Օրինակ՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը), որոնք գտնվում են իրագործման այս կամ այն փուլում:

Եվս մեկ խոստումնալից ոլորտ է հանդիսանում ծառայությունների, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը: Հայաստանը վստահորեն կարելի է անվանել թանգարան բաց երկնքի տակ: Նման քանակությամբ հնագույն պատմական հուշարձաններ դժվար է գտել որևէ այլ վայրում, բացի այդ՝ սքանչելի բնություն, աներևակայելի սարեր, էկոլոգիապես մաքուր մթերք, անչափ համեղ ազգային խոհանոց և ավանդույթներ, ավանդույթներ ու էլի ավանդույթներ… Մենք այնքան ենք սովորել այս առատությանը, որ հաճախ չենք գնահատում այս վիթխարի ժառանգությունը: Այս ոլորտի ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ չենք կարողանում այս ամենը աշխարհին ներկայացնել: Սրան առնչվող մի փոքրիկ պատմություն միտս եկավ: Եվ այսպես, ամռանը հյուրեր ունեի Ղազախստանից, որոնց, բնականաբար տարա Էջմիածին, որտեղ այցելեցինք նաև տեղի թանգարանը, որտեղ ավանդույթի համաձայն պահվում են Հիսուս Քրիստոսի կողը խոցած գեղարդը և Նոյան Տապանից մի փոքր հատված: Երբ մենք դուրս եկանք թանգարանից, հյուրերս կասկած հայտնեցին այդ իրերի իրական լինելու վերաբերյալ՝ հիմնավորելով դա նրանով, որ այդքան հեշտ է տեսնել այդ գանձերը, և ցուցասրահում չկան անվտանգության աշխատակիցներ: Կարծում եմ՝ սա ապացույցն էր իմ այն պնդման, որ մենք դեռ չենք սովորել մեր հարստությունը աշխարհին ճիշտ ներկայացնել: Այսինքն մեզ հարկավոր են բրենդինգի մասնագետներ, որոնք կկարողանան ստեղծել երկրի միանգամայն նոր և գրավիչ կերպար: Այս ոլորտի սպասարկման մակարդակն ու ենթակառուցվածքն էլ բարձր մակարդակի վրա չեն, շքեղ հյուրանոցներ, իհարկե, առկա են, բայց դա դեռ բավարար չէ:

Հայաստանի Հանրապետության ևվս մեկ հետաքրքիր տնտեսական ճյուղ է հանդիսանում ռազմաարդյունաբերական համալիրը: Ոլորտը ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում տարածաշրջանի ներկայիս լարվածության և անկայունության պատճառով: Բայց դրանից զատ՝ Հայաստանը ավանդապես ուժեղ է եղել այս ոլորտում: Մեծ ձեռքբերում է սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Հետաքրքրիր է, որ 2013թ.-ին դրանցից որոշակի քանակությամբ արտահանվել է Դանիա, ինչը խոսում է արտադրանքի բարձր որակի մասին: Իսկ 2014թ.ին տեղի ունեցավ հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկության՝ «Լյուբավա- Արմենիա»-յի բացումը: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանշանը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում ընկերությունը կկարողանա ընդլայնել արտադրությունը և դուրս գալ միջազգային շուկա: Ինչպես նշում են պաշտպանության նախարարությունում՝ երկրում արտադրվում է ռազմական տեխնիկայի լայն տեսականի, և այնտեղ մեծ հույսեր են կապվում երկրի գիտական ներուժի հետ:

Եվ վերջում, կցանկանայի խոսել ևս մեկ խոստումնալից ոլորտի մասին, որն ի վիճակի է ոչ միայն բարելավել երկրի տնտեսական ցուցանիշները, այլև բարձրացնել Հայաստանի միջազգային վարկանիշը: Խոսքը կրթության ոլորտի մասին է: Ոչ- մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ուսման նպատակով Հայաստան են գալիս բազում արտասահմանյան ուսանողներ՝ հատկապես Իրանից և Հդկաստանից: Մեր արևելյան հարևանների մոտ ամենից մեծ հռչակ վայելում է Բժշկական համալսարանը: Պատճառը ուսման և ապրուստի համեմատաբար ցածր գներն ու կրթության բավականին բարձր որակն է: Բայց այս ոլորտի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը անցյալ տարվա հոկտեմբերին Դիլիջանի UWC Dilijan College դպրոցի բացումն է: Դա «Համաշխարհային քոլեջների միության» ցանցի մեջ մտնող առաջին և միակ դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածքում, և իր գործունեության առաջին իսկ տարում ընդունեց աշխարհի ավելի քան 50 երկրներից եկած 96 ուսանող: Իսկ այս տարի Երևանում ուսանողների համար իր դռները բացեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալարանի մասնաճյուղը: Այսպիսով, այս ուղղությամբ հետևողական քայլերի դեպքում, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ինքնատիպ կրթական կենտրոն և այդպիսով արտերկից գրավել բազմաթիվ ուսանողներ, ինչը իր հերթին նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում, օտարերկրյա կապիտալի ներհոսք և երկրի վարկանիշի բարձրացում:

Այսպիսով, Հայաստանը, որն առաջին հայացքից թվում է փոքր և անպաշտպան երկիր, մեծ ներուժ ունի գրեթե բոլոր ոլորտներում՝ դրանցից որոշներում արդեն կան իրական ձեռքբերումներ, որոշներում ամեն ինչ առջևում է, սակայն ամենից կարևորն այն է, որ գլխավոր ռեսուրսից մեզ մոտ շատ կա. խոսքը նավթի կամ գազի մասին չէ, այլ՝ մոխրագույն նյութի, որն աշխարհում լավագույններից է:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here