SHARE

Հայաստանում իր աշխատանքն ավարտին հասցրեց Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը: Սեպտեմբերի 18-20-ը Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից շուրջ 2 հազար պատվիրակներ, այդ թվում նաև Հայաստանի, Արցախի ղեկավարություններն ու Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հիերարխները միասին քննարկեցին տարբեր հարցեր:

Միայն հայկական ընդդիմության, անգամ խորհրդարանական ներկայացուցիչները ներկա չէին: Չնայած հարցերի սրության առումով, հատկապես արտաքին քաղաքականության թեմատիկայով, ֆորումի որոշ մասնակիցներ չէին զիջում անգամ ամենաարմատական ընդդիմադիրներին:

Հայկական իշխանությունները սովորականի պես կոչ էին անում ավելի ակտիվ օգնել Հայաստանին, առաջին հերթին՝ տնտեսապես, խոստանալով այս անգամ հաստատ արդարացնել սփյուռքի բոլոր սպասումները ու լուծել հնարավոր ներդրողների բոլոր խնդիրները:

Խորհրդային հայտնի՝ «38 թութակ» մուլտֆիլմի պես ասես չափելով վիշապօձին՝ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Արսեն Ղազարյանը անգամ հաշվեց, թե քանի «Էռնեկյան» է անհրաժեշտ (Էդուարդո Էռնեկյան՝ Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով խոշոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում), որպեսզի հասնենք Իսրայելի մակարդակին, թեկուզ հարյուր Էռնեկյան…

Համընդհանուր հիացմունք առաջացրեց Հայաստանի ամենահեղինակավոր հոգևորականներից մեկի՝ Կիլիկիո տան Մեծի կաթողիկոս Արամ Առաջինի բոցավառ խոսքը, ով հավաքվածներին կոչ արեց (և առաջին հերթին՝ Հայաստանի իշխանություններին) գիտակցել աշխարհասփյուռ հայության առաջ ծառացած խնդրի ողջ լրջությունը:

«Եկեք լինենք իրատես և ազնիվ: Հայաստանը դատարկվում է, իսկ սփյուռքը՝ սպառվում: Վտանգավոր այս իրականության առաջ պատահական նախաձեռնությունները չեն կարող լուծել մեր խնդիրներն ու բուժել վերքերը: Հարկավոր է Հայաստան- Սփյուռք համագործակցությունը դուրս հանել պատահական տնտեսական ներդրումների ու զբոսաշրջային այցելությունների շրջանակից ու դարձնել այն մեր ազգային քաղաքականության ամենակարևոր հիմնաքարերից մեկը»,- հայտնեց կաթողիկոսը:

Католикос Великого дома Киликийского Арам I
Католикос Великого дома Киликийского Арам I

Նա նաև նշեց, որ Հայաստանը միայն «զբոսաշրջության տեսարժան վայր» կամ «էկզոտիկ երկիր» չէ, այլ ողջ հայության ընդհանուր տունը, բարձրագույն արժեք, ու Սփյուռքը երկրի կառավարման հարցում պետք է ամենաակտիվ մասնակցությունն ունենա:

Համընդհանուր ուշադրության կենտրոնում էր նաև թուրքական խորհրդարանի քրդական Դեմոկրատական կուսակցության հայտնի պատգամավոր Կարո Փալյանը: Փալյանն անտեսելով իր համակուսակցականների նկատմամբ Էրդողանի ռեժիմի բոլոր ճնշումները, շարունակում է համարձակորեն ելույթ ունենալ խորհրդարանում՝ մասնավորապես հնչեցնելով Հայերի ցեղասպանության ճանաչման հարցը (ինչի համար Թուրքիայում ազատազրկում է սպառնում): Ֆորումի մասնակիցները անընդհատ նկարվում էին նրա հետ, լրագրողները միմյանց հերթ չտալով հարցազրույցներ էին վերցնում, մի շարք բարձրաստիճան հայ պաշտոնյաներ նրա հետ բանակցություններ վարեցին:

Մի շարք լրագրողների անշուշտ հետաքրքրում էր Թուրքիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, ինչին Փալյանը պատասխանեց, որ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում «Թուրքիան խավարի գիրկն է գլորվում», ու ստեղծված իրավիճակում պետք չէ հույսեր փայփայել, որ Անկարան այդ քայլին կգնա:

«Միայն դեմոկրատ ու բաց Թուրքիան կարող է ճանաչել Հայերի Ցեղասպանությունն ու Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել: Ես դրա համար պայքարելու եմ», – նշեց նա:

Dalma News–ի թղթակիցը ֆորումի աշխատանքային վերջին օրը վերցրեց հարցազրույցներ որոշ մասնակիցներից, որոնք պատմեցին իրենց տպավորությունների ու միջոցառումից ունեցած սպասումների մասին:

«Մեր ազգը նոր մարտահրավերների շեմին է, ու նման ֆորումների գլխավոր առաջադրանքը պետք է լինի դրանց կանխումն ու հաղթահարումը: Կարծում եմ միջոցառումը հաջողված էր այնքանով, որքանով թույլ տվեց ևս մեկ անգամ համախմբել համահայկական ներուժն ու մտածել այդ ուղղության զարգացման մասին: Բայց ավելի շատ գործնական սպասումներ կան, քանի որ շատ ուղղություններով շատ անելիքներ կան: Մենք արդեն հասկանում ենք, թե ինչ խնդիրներ ունենք, ու ինչ է հարկավոր անել: Գլխավոր խնդիրն այն է, երբ խոսքը գործին չի անցնում»,- հայտնեց Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնի տնօրեն Գևորգ Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ սփյուռքի ներկայացուցիչները, փորձագետները երկրի բարօրության ու բարգավաճման համար նվիրաբար աշխատելու ցանկություն ունեն, և դա փաստ է, սակայն գործնական քայլերի համար միանշանակ հարկավոր է որոշակի աշխատանք իրականացնել:

«Մեր միջև եղած տարբերությունները շատ են, բայց կա հիմք, ու դա մեր հայրենիքն է, հայ լինելու գաղափարը: Կարծում եմ՝ գլխավոր առաջադրանքը կայանում է նրանում, որ մենք ազգային միասնականության գաղափար ձևավորենք, որի շուրջ կհավաքվեն հայերը: Այդ ո՞ր գաղափարն է, բնականաբար մեր երկրի հզորացումը, մարտահրավերների դիմակայումը: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր ազգը իրական վտանգի առաջ միանշանակ համախմբված է: Դա նշանակում է, որ մենք չպետք է թույլ տանք, որ սպառնալիքը հասունանա, այլ իրականացնենք կանխարգելիչ քայլեր, ինչն էլ այս ֆորումը գոնե պետք է հստակեցնի»,- ասաց Մկրտչյանը:

Ստավրոպոլի հայ համայնքի ներկայացուցիչ Անտոն Վարդանյանի կարծիքով՝ ֆորումին ներկա բոլոր մասնակիցների ու կազմակերպիչների գլխավոր նպատակը միասնական հարթակի ստեղծումն է, որտեղ կհանդիպեն կոլեգաները, ընկերներն ու բարեկամները, ակտիվիստները, բարեգործները, ողջ աշխարհով սփռված հայ համայնքների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է հայկական իշխանությունների՝ Սփյուռքի հետ աշխատելու նրա տեսությանը, ապա Վարդանյանը գտնում է. «Սահմանել ոչ աբստրակտ, ավելի հստակ նպատակներ ու առաջադրանքներ, զարգացնել այնպիսի հարթակներ, որոնք, ինչպես ասում են՝ այդ նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզներ են, սահմանել հստակ վերահսկողական կետեր ու հասնել դրանց՝ ԱԳՆ, Սփյուռքի նախարարության, հասարակական կազմակերպությունների միջոցով: Ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Ես ոգևորվածություն եմ տեսնում Հայաստանի ապագա քաղաքական բարեփոխումների նկատմամբ: Տեսնում եմ, որ բոլոր կոլեգաների մոտ 2018թ. գարնան ու դրան հաջորդող իրադարձությունների հետ կապված մեծ հույսեր կան»:

Антон Варданян
Антон Варданян

«Իրականում շատ հաճելի էր մասնակցել այս ֆորումին, որին ես մասնակցում եմ առաջին անգամ: Շփվեցի սփյուռքի մի շարք ներկայացուցիչների հետ: Շատ ուրախ եմ, որ կապեր, շփում ու հաղորդակցման ուղիներ գտնվեցին: Համոզված եմ, որ հետագայում կստացվի պահպանել այդ հարաբերությունները, զարգացնել դրանք ի բարօրություն Հայաստանի, և իհարկե այս ֆորումից միայն դրական էմոցիաներ ստացա: Կցանկանայի, որ նման միջոցառումներ հնարավորինս հաճախ իրականացվեին, քանի որ դա մեզ անհրաժեշտ է»,- իր տպավորությունով կիսվեց Ստավրոպոլի երկրամասի հայ երիտասարդական համայնքի նախագահ Գարիկ Քեշիշյանցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Սփյուռքի համագործակցության էական խնդիրներին, ապա նրանք, նրա կարծիքով, կան:

«Չնայած մենք, որպես հայ ապրելով մեր պատմական հայրենիքից դուրս, տեսնում ու նկատում ենք մեր հայրենիքի հետ ունեցած հարաբերությունների բարելավում: Դրանք Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող տարբեր ծրագրերն են, հատկապես երիտասարդության հետ համագործակցության մասով, որոնք ուղղված են մեր ավանդույթների պահպանմանը, տարբեր ֆորումներն են, որոնց մենք մեր երիտասարդությանն ուղարկում ենք: Բայց հարկավոր է ավելի շատ հարթակներ ստեղծել ոչ միայն երիտասարդության, այլ նաև բիզնեսի համար»,- նկատեց նա:

Гарик Кешишянц
Гарик Кешишянц

Իր հերթին Վոլգոգրադի հայ համայնքի նախագահի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը կանգ առավ հստակ հարցերի վրա, որոնք քննարկվել էին հայկական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ տարբեր վճարումների մասին, որոնք այլ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հայերը ստիպված են կատարել՝ Հայաստան մուտք գործելու համար:

«Վոլգոգրադում ես հանդիսանում եմ Վոլգոգրադի տարածաշրջանի ավտոմոբիլիստների համառուսական խորհրդի նախագահը, և իմ ուղղությամբ հանդիպումներ եմ ունեցել Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ, բարձրացրել եմ որոշակի հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Այսպես, օրինակ, մեքենայով ժամանում ենք Հայաստան, ու մեզանից 14 հազար դրամ են գանձում, որպես բնապահպանական վճար, ինչն անհասկանալի է: Վրացական ու հայկական համարանիշերով մեքենաները ոչինչ չեն վճարում, դրանք կրկնակի ստանդարտներ են: Ստացվում է, որ այստեղ էկոլոգիան լավն է, իսկ մեր մեքենաները՝ վատը: Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ մեքենայով Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիները միջինում այստեղ թողնում են 1000 դոլլար: Դա (վճարը) մեծ գումար չէ, սակայն այդ վերաբերմունքը մարդկանց վիրավորում է: Այդ հարցը մենք դրել ենք փոխնախարարի առաջ: Արդեն պայմանավորվել ենք, որ նամակ ենք գրելու վարչապետ Կարեն Կարապետյանին: Ես Ռուսաստանի ավտոմոբիլիստների շարժման իմ ֆիրմային բլանկի վրա կգրեմ նամակն ու կներկայացնեմ վճարումների պատճենները: Նրանք ասեցին, որ դա անհեթեթություն է, և որ վճարումները անօրինական են»,- ասաց նա:

Քննարկվեց նաև ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանից Վոլգոգրադ տեղափոխվող մարդկանց տեղափոխման անօրինական ու անորակ ծառայությունների խնդիրը:

«Վոլգոգրադի շրջանում մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ Երևանից հին ավտոբուսներով ոչ օրինական ուղևորափոխադրումներ են իրականացվել: Ավտոբուսները փչանում են, մարդիկ մնում են փողոցներում: Պատկերացրեք՝ ամռանը երկու-երեք օր փողոցում մնալ: Համայնքն այդ մարդկանց ապահովել է հյուրանոցներով, սնունդով, գտնվել են այլ մեքենաներ, որպեսզի այդ մարդկանց հասցնեն Հայաստան: Բայց ես արդեն բարձրացրել եմ այդ հարցը, չի կարելի այդպես անլուրջ մոտենալ ուղևորափոխադրմանը: Իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ»,- պատմեց Հովհաննիսյանը:

Армен Ованнисян
Армен Ованнисян

Ինչ վերաբերում է հենց միջոցառումից ստացած տպավորությանը, ապա Հովհաննիսյանը հայտնեց, որ ֆորումն իրականացվում է շատ հաճելի մթնոլորտում, և շատ հետաքրքիր է անցնում: Ֆորումի ընթացքում բարձրացված հարցերը կհանգեցնեն Հայաստանի հետագա զարգացմանը՝ ամրացնելով նրա կապը Սփյուռքի հետ: Դրանում մեր զրուցակիցը վստահ էր:

Հ.Գ. Այսքանով հանդերձ՝ հարկ է նշել, որ շատերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, բավական սկեպտիկ վերաբերմունք ունեին ֆորումի նկատմամբ:

«Խիստ մի դատեք, բարեկամներ: Պանարմենյան ֆորումն ընդամենը հասարակական կառույցների տարբեր ներկայացուցիչների շփման ձևաչափ է: Այս ձևաչափը թույլ չի տալիս լուծելու լուրջ առաջադրանքներ մի պարզ պատճառով՝ ֆորումի ժամանակ պայմանական լիդերները իրենց համայնքների ներկայացուցիչների անգամ 1 %  շահերը չեն ներկայացնում: Նույնիսկ Հայաստանում «էլիտար փոքրամասնությունը» այնքան հեռու չէ չկազմակերպված մեծամասնության շահերից, որքան համայնքներում: Համայնքային կառույցների ներկայացուցիչները հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն: Սակայն ոչ-ոք նրանց հարց չի տալիս՝ այդ ինչի՞ հիման վրա որոշեցիք, որ հենց դուք եք այս կամ այն համայնքի լեգիտիմ ներկայացուցիչը»,- Facebook-ում գրել է The Armenian Interest (Հայկական շահ) գիտա-վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը:

Փորձագետը, ով ԱՄՆ-ի էթնիկ լոբբիների թեմայով մի քանի աշխատանք է գրել, գտնում է, որ տարբեր երկրների հայ համայնքները պետք է սկսեն սփյուռքի լեգիտիմ կառույցների ստեղծումը՝ Համաշխարհային եվրոպական կոնգրեսի օրինակով:

«Մեր դեպքում անհրաժեշտ է անել առաջին քայլը՝ ձևավորել համայնք՝ Սփյուռքում: Այսօր այդ հարցով ոչ-ոք չի զբաղվում: Իրականությունն այն է, որ Հայաստանը չի տիրապետում մեխանիզմի, որը ի վիճակի կլինի ստիպել այս կամ այն կազմակերպություններին լոբբականացնել պետական ուղերձը: Իրենց հերթին հասարակական կազմակերպությունները ձգտում են փոխարինել պետությանը՝ մշակելով սեփական քաղաքական իմաստներ: Եվ որպես կանոն դրանք քիչ ընդհանրություններ են ունենում Հայաստանի ազգային շահերի հետ»,- ընդգծում է Գալստյանը:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը