ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղերի բացման առիթով նախագահը հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց ողջունում եմ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին: Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին բոլորիս անունից ասում եմ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ մայր Հայաստան:

Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները եւ ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարեւոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը:

Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում: Ավելին՝ շատ կարեւոր է, որ սպորտը մարդկանց համախմբի եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա:

Սիրելի՛ մարզիկներ,

Վստահ եմ, որ դուք այս կարեւոր արժեքները վառ եք պահում ձեր սրտերում: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցելու համար այստեղ ժամանած մարզական խմբերը գալիս են աշխարհի տարբեր երկրներից:

Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած տասնվեց տարիների ընթացքում: 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատությամբ մեկ երրորդով աճել է մասնակից երկրների թիվը՝ քսաներեքից հասնելով երեսունվեցի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ վաթսուներեքից հասնելով հարյուր յոթանասունհինգի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ հազար հարյուր քառասունմեկից հասնելով վեց հազար երեք հարյուր հիսուներկուսի: Մարզաձեւերի քանակը յոթից դարձել է տասնյոթ:

Այստեղ գտնվող շատերը ներկայացնում են սփյուռքում ծնված արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդը: Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում իրենց հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են խոսում հայերեն: Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է, իսկ Հայաստանի սիրտն էլ բաց է նրանց համար:

Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշում ենք եւ պահանջում:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր օջախների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:

Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել` ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով: Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, եւ ձեր այդ ընկերության կրակը վառ կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ Համահայկական խաղերի կրակը ձեզ դեռ շատ երկար կուղղորդի:

Շնորհավորում եմ բոլորիս եւ Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ բացված:

Շնորհակալություն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here