Արդեն երկար տարիներ է Հայաստանի էկոլոգիական վիճակը լուրջ մտավախություններ է առաջացնում: Երկրի ամբողջ տարածքով գործում են լեռնաարդյունաբերական հանքեր, ինչը բերում է ծանր մետաղների առկայությանը մրգերում և բանջարեղենում, դրա հետ մեկտեղ գոյություն ունի ոռոգման խնդիր, կլիմայական և լանդշաֆտային փոփոխություններ և այլն, ինչը ստիպում է էկոլոգներին տագնապել և կոչ անել իշխանություններին լուրջ մտածել: Սակայն ամենավատ իրավիճակը տիրում է մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացված են գործող գործարանների մեծամասնությունը, ինչպես նաև անխնա կտրվում են կանաչ տարածությունները՝ տարաբնույթ շինություններ, առանձնատներ և հյուրանոցային համալիրներ կառուցելու համար: Այսպիսով, հայտարարում են մասնագետները, էկոլոգիական աղետը Հայաստանում հեռանկարային սարսափ չէ, այլ՝ այժմ և այստեղ է:

Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում

Համաձայն էկոլոգիապես աշխարհի ամենամաքուր երկրների վարկանիշի, որն ամեն տարի կազմվում է Յելսյան համալսարանին կից Էկոլոգիական քաղաքականության և իրավունքի կենտրոնի (YaleCenterforEnvironmentalLawandPolicy) կողմից, Հայաստանը 2018 թ. զբաղեցրել է 63-րդ տեղը 180 երկրների մեջ: Հետխորհրդային տարածության երկրներից, այս տարի էկոլոգիայի մասով մենք զիջել ենք Բելառուսին (44-րդ տեղ), Ռուսաստանին (52-րդ տեղը), Ադրբեջանին (59-րդ տեղը): Միաժամանակ, հարևան Վրաստանը հայտնվել է 94-րդ տեղում, իսկ Իրանը՝ 80-րդ:

Կարծես թե 63-րդ տեղը 180 երկրների մեջ այնքան էլ վատ ցուցանիշ չէ, սակայն ուրախանալու առիթները շատ չեն, քանի որ ընդամենը երկու տարում Հայաստանը վատացրել է իր դիրքերը երկու անգամ: Այսպես, համաձայն նույն վարկանիշի, 2016 թ. Հայաստանը 180 երկրների մեջ զբաղեցնում էր 37-րդ տեղը էկոլոգիայի մասով (հիշեցնենք, որ 2018 թ. մեզ է հասել 63-րդ հորիզոնականը): Իրենց ցուցանիշներն են վատացրել նաև Ադրբեջանը և Ռուսաստանը՝ 31 և 32-րդ հորիզոնականները համապատասխան: Վերը թվարկված երկրներից էկոլոգիական իրավիճակը լավացրել է միայն Վրաստանը՝ 2016 թ., համաձայն այս վարկանիշի զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը, մինչդեռ այս տարի բարձրացել է արդեն 94-րդ հորիզոնական:

Էկոլոգիական արդյունավետության հետազոտությունը չափում է երկրի ձեռքբերումները էկոլոգիայի վիճակի և բնական պաշարների կառավարման տեսանկյունից՝ 22 ցուցանիշների հիման վրա 10 կատեգորիաներում, որոնք արտացոլում են տարբեր ասպեկտներ՝ շրջակա բնական միջավայրի վիճակ և դրա էկոլոգիական համակարգերի կենսագործունեություն, կենսաբանական բազմազանության պահպանում, հակազդեցություն կլիմայական փոփոխություններին, բնակչության առողջական վիճակը, էկոլոգիական գործունեության պրակտիկան և դրա ծանրաբեռնվածության մակարդակը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև պետական քաղաքականության արդյունավետությունը էկոլոգիայի ոլորտում:

Մենք չափից շատ ենք հագեցած նրանով, ինչ ուտում ենք և առավել ևս նրանով, ինչ չի կարելի ուտել

Այն մասին, որ վատ էկոլոգիան բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն շրջակա միջավայրի վրա, այլև բնակչության առողջության վրա, մենք բազմիցս ենք գրել: Ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում գերբարձր են քաղցկեղից մահացության ցուցանիշները: Համաձայն WorldLife Expectancy-2016 զեկույցի («Կյանքի տևողությունը աշխարհում 2016 թ.»), 2014 թ. 172 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է «պատվավոր» առաջին հորիզոնականը, ըստ օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցանիշի՝ մահացության գործակիցը կազմում է 230 մարդ յուրաքանչյուր 100 հազար մարդու թվին (թեպետ, պաշտոնական շրջանակներում այս թվի հետ չհամաձայնեցին): 2016 թ. այս ցուցանիշը շարունակում էր վատանալ՝ Հայաստանում գրանցվել է 8400 նոր հիվանդությունների դեպքեր: Տղամարդկանց մոտ բացարձակ առաջատար է թոքերի քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքինը:

«Գոյություն ունեն բամզաթիվ գործոններ, որոնք նպաստում են օնկոլոգիային: Դա առաջին հերթին գենետիկական կանխատրամադրվածությունն է: Այնուհետև գալիս է սթրեսը, որին հանգում ենք գրեթե յուրաքանչյուր քայլափոխի: Պատճառներից մեկն է նաև անառողջ սնունդը. ցավոք, մեր ճաշացանկից գրեթե բացակայում է օրգանական սնունդը, մենք չենք սնվում այնպես, ինչպես ժամանակին սնվել են մեր տատիկներնըև պապիկները, իսկ այն, ինչ դրվում է մեր սեղաններին, հագեցված է քիմիկատներով և հորմոններով: Էկոլոգիական իրավիճակի մասին ես ընդհանրապես կլռեմ»,- Dalma Newsի հետ զրույցի ժամանակ հայտարարեց Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Խաչանուշ Հակոբյան

Իսկ Տուշայի համալսարանի (Իտալիա) սննդամթերքի անվտանգության պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն, որը 4 տարի ուսումնասիրություն է իրականացրել՝ գնահատելու համար օգտագործվող մթերքի ռիսկերով Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ զարգացած է լեռնա-հանքային արդյունաբերությունը, ժամանակին ընդհանրապես հայտարարել է, որ ծանր մետաղների առկայությունը տարբեր սննդամթերքներում և այդ մթերքների պարբերաբար կիրառությունը հանդիսանում են բնակչության առողջության գլխավոր սպառնալիքը: Մասնավորապես, խոսքը Սյունիքի մարզի մասին է, որը հայտնի է իր Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատով, ինչպես նաև Լոռու, որտեղ գործում է Ախթալայի լեռնային կոմբինատը:

Հետազոտության արդյունքում պարզ դարձավ պղնձի, մոլիբդենի և քրոմի բարձր կենտրոնացման մասին, այդ շրջաններում աճեցվող մրգերի և բանջարեղենների մասին՝ վարունգ, լոլիկ, սմբուկ, կանաչի, կարտոֆիլ, ելակ: Պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանալի լինի, որ ծանր մետաղների նման վտանգավոր առկայությունը սննդամթերքում բերում է լուրջ հիվանդությունների ոչ միայն օնկոլոգիական, այլև ֆիզիկական և հոգեբանական բնույթի:

Երևանի էկոլոգիան

Իրավիճակը հատկապես Երևանում ողբալի է: Այդ մասին պնդում է էկոլոգ Սիլվա Ադամյանը, որը հիշեցնում է, որ անցյալ դարի 50-ական թվականների սկզբում խորհրդային հանրապետության իշխանությունները որոշում էին կայացրել կանաչապատել Երևանը, որպեսզի կլիման մեղմանա: Այդպիսով, տասնյակ տարիների ընթացքում հաջողվել է հասնել կանաչապատման, ստեղծել կանաչ օազիսներ և կղզիներ, որոնք օգնել են փափկացնել կլիման: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Երևանը՝ ըստ էության այս կիսադատարկ հատվածում, կլիման ավելի փափուկ էր դարձել, քամիները ավելի մեղմ էին, իսկ փոշին գրեթե բացակայում էր մայրաքաղաքում: Դա տեղի ունեցավ Դալմայի այգիների շնորհիվ, Մոնումենտի հսկայական անտառային հատվածի, հայերի ցեղասպանության հուշարձանի՝ Ծիծեռնակաբերդի շուրջ անտառների շնորհիվ: Իսկ Երևանի ամենասրտում տաք եղանակին թարմություն էին տարածում Օղականման այգու ծառերը

«Ցավոք սրտի, 90-ական թթ. սկզբին, երբ Հայաստանը կանգնեց վառելիքային ճգնաժամի առջև, այս ամենը մենք կորցրեցինք, մարդիկ ամենուր կտրում էին ծառերը, որտեղ կարելի էր և նույնիսկ չէր կարելի, իսկ հետագայում բազմաթիվ կանաչ տարածություններ այդպես էլ չվերականգնվեցին: Դրա փոխարեն, սեփականացման և մոնոպոլիզացման շրջանում, շարունակում էին կտրել մնացած ծառերը և դրանց փոխարեն կառուցում էին շքեղ առանձնատներ, հյուրանոցներ և սրճարան-ռեստորաններ: Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Երևանի կլիման նորից փոխվում՝ վերադարձել են քամիները, ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, ամենուր փոշի է, և կանաչ տարածություններ պարզապես չկան»,- Dalma Newsի հետ զրույցի ժամանակ նշեց տիկին Ադամյանը:

Նրա խոսքով, դա այլևս միայն էկոլոգների և գիտնականների տեղային խնդիր չէ, դա արդեն ավելի գլոբալ խնդիր է, և իշխանությունները պետք է որքան հնարավոր է շուտ ռազմավարություն մշակեն: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում գլոբալ կլիմայական փոփոխություններ, և Հայաստանը, բնականաբար, չի կարող դրանցից դուրս լինել: Այսինքն, այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկրում դիտվում է անխնա վերաբերմունք էկոլոգիայի նկատմամբ, իսկ դրա սահմաններից դուրս տեղի են ունենում ոչ ավելի լավ գործընթացներ:

Սիլվա Ադամյան

«Մասնագետները ավելի քան չորս տասնյակ տարիներ շարունակ կանաչապատում էին Երևանը և պարզ է, որ այսօր խնդրի լուծման համար պահանջվում է մի քանի տասնյակ տարիներ: Սակայն հապաղել չի կարելի, արդեն այսօր էկոլոգները, գիտնականները, երկրաբանները և այլ մասնագետները պետք է ներգրավվեն այս խնդրի լուծմանը, հանրապետության իշխանությունը պետք է կենտրոնացնի բոլոր համապատասխան մարմինները, որպեսզի մայրաքաղաքը նորից կանաչապատվի և կանաչ կղզիները վերադառնան: Օղականման այգին ամբողջովին պատված է սրճարաններով և ռեստորաններով, Մոնումենտի անտառային հատվածում կառուցված են շքեղ առանձնատներ, Դալմայի այգիներից գրեթե ոչինչ չի մնացել… Պետք է սկսել ծառեր տնկել, այնպիսի տեսակներ, որոնք շատ խնամք չեն պահանջում, քանի որ մայրաքաղաքը ունի նաև ոռոգման խնդիր, համեմատաբար էժան և արագ աճող ծառեր: Կարծում եմ, այսպիսով հնարավոր կլինի գոնե մի փոքր մեղմացնել ստեղծված իրավիճակը 7-8 տարուց, թեպետ ընդհանուր առմամբ, որպեսզի Երևանի կանաչ գույնը վերադառնա, անհրաժեշտ կլինեն տասնյակ տարիներ: Սակայն անհապաղ պետք է սկսել»,- ընդգծեց նա:

Ի դեպ, ջրային պաշարների մասին: Այս բառակապակցությունն արտասանելիս՝ աչքերի առաջ միանգամից կանգնում է կապուտակ Սևանը, սակայն Սիլվա Ադամյանն ասում է, որ համաձայն մասնագետների պնդման, Երևանի տակ առկա են ջրային պաշարներ և որոշակի աշխատանքների պարագայում դրանք հնարավոր է դուրս բերել, կառուցել ոռոգման ալիքներ, որոնցով կսնվեն մայրաքաղաքային կանաչ հատվածները և այգիները: Բացի այդ, դա խնդիր է ստեղծում բնակելի շենքերի համար, քանի որ դրանցից շատերը կառուցված են գրունտային ջրերի վրա, և դա կարող է ծանր հետևանքներ ունենալ: Սակայն, նշում է մեր զրուցակիցը, նա դեռևս չի տեսնում փոփոխություններ դեպի լավը, իսկ իրավիճակը, երբ մայրաքաղաքի մեկ բնակչին բաժին է հասնում 18 կմ կանաչ տարածք, հեռու է իրականությունից, Երևանում տարեց տարի դժվար է դառնում շնչել, սակայն սա ոչ միայն էկոլոգիական, այլև առողջապահական խնդիր է:

 

Լինա Մակարյան